Skip to main content

Անծանոթ եսեր

    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։

    Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։

   Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։

   Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։ 

  


 Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է թե կյանքը նույնն է, ու ոչինչ չի փոխվում, այն ժամանակ, երբ մեզ փորձում ենք նայել վաղվա օրվա դիտակետից` պարզ է դառնում, որ ինչպես մարդիկ են գնում և գալիս, այնպես էլ` մենք ենք ուրիշների կյանք մտնում և դուրս գալիս` հաճախ կանգառից դուրս կանգառ պահանջելով։ Երբեմն էլ` առաջին կուրսեցու ամոթխածությամբ, վախենում ենք բարձրաձայնել ու մի քանի կանգառ ավել գնում։

   Ժամանակը իրեն հատուկ օլիմպիական վազքով սլանում է, իսկ որոշ մարդիկ մնում անցյալի ստվերներում։ Վերհիշելու պահին` մտածում ես` ի՞նչ դարձան, ի վերջո, ու՞ր են հիմա և ու՞ր են գնում։ Ինչպես բառերը, այնպես էլ` մարդիկ չեն հիշվում, մինչև անցյալի փոշոտ դարակը բացելու առիթ չի ընձեռվում։

   Տեսնես մե՞զ էլ են մեկ-մեկ այդպես պատահական հիշում ու թե այդպես է` ի՞նչ են մտածում։ Գուցե` մենք էլ ենք բառերի պես խորթ ու մեզ էլ են փորձում մտաբերել` մի քանի անգամ անուններս բարձրաձայնելով։ Մեծ է հավանականությունը, որ ոմանց հիշողությունից ջնջվել ենք ամբողջությամբ, որոշ մարդկանց հիշողության մեջ մեր կիսախավար պատկերն է մնացել, որոշներն էլ պարզ հիշում են մեզ։ Հոգու խորքում` մենք հուսով ենք, որ հիշում են ոչ թե խորթությամբ, այլ` ափսոսանքով։

   Այդ պարագայում, մեր անցյալի եսը ինչպիսի՞ պատկեր ունի մեր հիշողության մեջ, նրան ճանաչու՞մ ենք։ Լինում է` դժվարանում ենք հավատալ, որ այս կամ այն բանը մենք ենք արել կամ ասել. մեր եսերի միջև զգում ենք խորթություն։

   Նշանակում է, որ ոչ միայն մարդիկ են մոռացվում կամ անջատվում մեր կյանքի ուղուց, այլ հաճախ` ինքներս ենք մոռանում մեր տարիների վաղեմության եսերին։ Եթե մեր հանդիպումը կայանար, ի՞նչ մտքեր կառաջանային, ցանկություն կլինե՞ր ծանոթանալու, կարտաբերեի՞նք խորթ թվացող բառը. «ծանոթանա՞նք»։





Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...