Posts

Showing posts from August, 2020

Շրջապտույտ

Image
Ամեն բան փոխվել է...մենք էլ ենք փոխվել կարծես։ Տարիների հոգսերի մեջ թաղված օրերը այնքան միօրինակ են եղել, որ մեզ թվացել է` ոչինչ չի փոխվել, և մենք ենք նույնը։  Մեր ապրածը չապրած է կարծես. մտացածին մեկ կամ երկու ակնթարթ` անցած տարիների դիմաց։ Շրջապտույտի մեջ ենք...ինչպես յուրաքանչյուր օր ունի հաջորդականություն, (թե' առավոտ, թե' գիշեր) այնպես էլ մենք անընդհատ ապրել ենք նույնը` գնացել, եկել ու գնում գալիս ենք նույն ծանոթ պահը ապրելու համար։ Այդ շրջապտույտի մեջ տարիները մեզ զրկել են հիշողությունից` թողնելով գեթ մեկ առավոտ, մեկ ցերեկ և գիշեր։  Իրականում, մենք փոխվել ենք այնպես, ինչպես չէինք էլ կարող պատկերացնել, մեր միտքն ենք ջնջել շրջապտույտից առաջացած գլխապտույտից։ Մենք չենք հավատում, որ կարող ենք մեկ օր էլ շեղվել այդ ուղեծրից, որ միլիմետրի ճշգրտությամբ ենք անցնում ու վախենում ենք, երբ պահը գա, կարող է բազում այլ շրջապտույտների հարված հասցնել ու ճեղքել դրանք` փոխելով անճանաչելիության աստիճան։ Գիշերը ցերեկ ու ցերեկը գիշեր կդառնա՞ տեսնես։