Կյանքը՝ Մետրո

    Մետրոներից միշտ խուսափել եմ։ Կյանքիս 27 տարիների ընթացքում  մատների վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ օգտվել արագընթաց ստորգետնյա փոխադրամիջոցից։ Պատճառն, իհարկե, միայն խուսափելու մեջ չէր, պարզապես, օգտվելու շատ հնարավորություններ ու առիթներ չկային։ Վերջին ամիսների ընթացքում ավելի շատ եմ առնչվել, քան ողջ գիտակցական կյանքում։ 

    Ի՞նչ է մետրոն․ շտապող մարդիկ ու անծայրածիր շարժասանդուղքներ․․․այդ շարժասանդուղքներից մեկի վրա կանգնած էլ, մտածեցի․ «մի՞թե կյանքը մետրո չէ»․ բազմաթիվ մարդիկ ճանապարհիդ, որ գնում են տարբեր ուղղություններով․․․շտապող մարդիկ, որ կյանքի ընթացքը անընդհատ արագացնել են ուզում ու հապճեպ քայլերով առաջ են անցնում քեզնից, կարծես վստահ են՝ իրենց ինչ է սպասելու․․․մարդիկ, որոնք քեզ պես սպասում են դրա ընթացքին․ նրանցից ոմանք՝ քո դիմաց կանգնած, ոմանք՝ մեջքիդ ետևում։ Որոշներին միայն մեջքից էլ ճանաչում ես ընթացքում։ 

    Քո շարժասանդուղքը թվում է անեզր․ դու չգիտես՝ երբ կերևա լույսը դրա վերջում, և ուր կտանի այն քեզ։ Մինչ դու քո լույսն ես փնտրում, նկատում ես մարդկանց, որոնք հակառակ ընթացքն են բռնել։ Նրանց տեսնում ես դիմացից, տեսնես՝ ինչու՞ են ետ դառնում։ Որոշները երջանիկ են, որոշները՝ տխուր, ոմանք՝ միայնակ, ոմանք՝ միասին, և բոլորը՝ մեկ վայրում՝ վեր ու վար գնացող սանդուղքների վրա։


    Ամենադժվարը սանդուղքի վրա կանգնելն է բայց․ հենց այդ առաջին քայլը, որ պետք է անել առաջ ընթանալու համար։ Հաճախ վախը, որ քայլդ չափազանց կտրուկ է, կամ, որ կարող ես ամուր չկանգնել ոտքերիդ վրա, արագացնում է սրտիդ թրթիռը։ Ժամանակի հետ այնքան շատ ես անում այդ քայլը, որ թվում է՝ վախերդ սկսում են հետդ հաշվի նստել։ Սակայն ժամանակը միշտ չէ, որ քո օգտին է աշխատում․ լինում են պահեր, երբ քո սանդուղքային երկար ճամփորդությունից հետո, չես հասցնում ու մետրոյի դռները քո դիմաց փակվում են։ Այդ պահին է, որ հիշում ես այն մարդկանց, որոնք արագ-արագ քայլելով անցան քո կողքով․ գուցե՞ գիտեին՝ ինչ է սպասվում։ 

    Հաջորդ մետրոյին սպասելիս, մտածում ես, որ, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, երևի թե մարդիկ, երբեք չէին կանգնի և հուսալով, սպասում ես քո հաջորդ հնարավորությանը, չէ՞ որ հավատում ես, որ այն գալու է։ Միայն թե մետրոյի պարագայում դու գիտես, թե երբ․․․

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում