Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։
Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։
Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։
Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով.
«Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ակնոցը։ Այդ ակնոցից կարծես երբեք էլ չեմ ունեցել»։
Ինձ թվում է՝ երազելու համար անպայման պետք է ունենալ…
Եթե ֆիլմ լիներ, ամեն բան կլիներ նախաբանի պես, բայց կյանքը, որ անընդհատ շարժման մեջ է, լրիվ այլ է։
Իրական կյանքում ես նստում եմ բազմոցին ու հիշում առաջ տեղի ունեցած դեպքը։ Եթե ֆիլմ լիներ, երկու սերիա առաջ կարող էինք տեսած լինել, իսկ իրականում դա մի քանի ամիս առաջ էր։ Մի օր դեն նետեցի իմ սիրելի կոշիկներից մեկը։ Չէի ասի, թե վատ վիճակում էին կամ միակը, պարզապես անհասկանալիորեն դեֆորմացվել էին․ ինչ-որ բան ներսում ծալվել էր, և ամեն անգամ հագնելիս ցավեցնում էին։ Բայց կարողանում էի ուղղել, ու հանգիստ ինձ տանում էին ուր պետք էր։ Շատ հարմար էին, բայց կարծես ցանկացա ազատվել այդ անհանգստություններից ու տագնապներից, որ բերել էին իրենց հետ տարբեր վայրեր։ Ա՜խ, եթե այդքան հեշտ լիներ ազատվել անծանոթ տագնապից և մտովի թռչել ամպերից վեր։
Մարդն ավելի խիզախորեն է փորձում այն, ինչի համն իրեն ծանոթ չէ, քան այն, ինչ փորձել է մի ժամանակ և չի հավանել։ Օտար թվացող բաները հուսադրող են։
Հիշում եմ, որ դասախոսներիցս մեկը՝ շատ զվարթ մի մարդ իր տարիքի համար, հարցրեց. «Բոլորդ էլ երազանքներ ունեք, չէ՞։ Երազեք, երեխեք ջան, առանց երազանքի ու երազելու կյանք չկա»։ Եվ ես նեղվեցի, որովհետև չգիտեմ՝ դա ոնց են անում։
Եվ հիմա փորձում եմ դա կապել տարիքի կամ ժամանակի հետ, բայց վերհիշում եմ, որ ախր դա շատ վաղուց էր, և այն ժամանակ էլ չգիտեի՝ ինչպես երազել։ Իսկ ֆիլմերում միշտ նախանձում եմ հերոսներին, որովհետև կարծես բոլորն ունեն երազանք․ պարզապես դժվարությունները շատ են դրանց հասնելու համար։ Եվ ես չգիտեմ՝ ավելի շատ ճանապարհն է բարդ, թե նպատակակետը, որի մասին անգամ չգիտես։
Եվ ինչպե՞ս կարող ես չստացված կադրերը մոնտաժել, եթե գեթ մեկ երազանք էլ չկա, որի ճանապարհին պիտի ափսոսաս, սխալվես և ուրախանաս։
Շատ եմ մտածել, ու գուցե, ինչպես կյանքն ամբողջությամբ, այնպես էլ երազանքի գաղափարը ուղղումների ու հստակ գծանշումների կարիք չունի։
Գուցե կյանքը կարող է բաղկացած լինել ամենապարզ կադրերից։ Գուցե ձգտումների բեռի տակ կորցնենք մեր կոշիկները և չկարողանանք ամուր կանգնել ոտքերի վրա։
Երևի թե մտքերս էլ խառն են այն ֆիլմի նման, որի կեսն ես դեռ հասցրել նայել ու չես հասկացել, թե ինչի մասին է, որոնք են այս կամ այն քայլերի պատճառները, ինչ է լինելու հետո և արդյոք ունենալու ենք բաց կամ փակ ավարտ․․․
Մի ինչ-որ զուգահեռ իրականության մեջ ամեն բան ապրվելու է այլ կերպ, ամեն զգացողություն ու երազանք գոյություն է ունենալու։
Comments
Post a Comment