Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...