Հնարավորություն
Կյանքը լի է վշտերով ու դառնությամբ: Երջանկության
հետ նրան կապող բոլոր թելերը կտրվում են մարդու ձեռքում, և ամենից առաջ ոսկե թելերը: Դյումայի մտքի հենց այս փայլատակումն
էր, որ ստիպեց ինձ ծնունդ տալու հերթական մտորմանը:
Օր օրի կյանքը բերում է այն համոզմանը,
որ մենք ամենևին էլ երազում չենք ապրում: Ամեն օր այն մի հարված է հասցնում` ավելի
ուժեղ, քան երեկվանն էր, ավելի անողոք, քան թիթեռների համար մութ գիշերվա մոտալուտ
գալուստը կարող է լինել: Մենք էլ` հասարակ մահկանացուներս, աշխատում ենք անհագ կլանել
ցերեկը, կշտանալ գույներից, որ տեսնում ենք: Բայց գիշերներն ավելի երկար են և արագ
են այցելում մեզ`լույսին դեռևս չհամակերպվածներիս:
Երբեմն ուզում ենք հավատալ, որ շատ
ժամանակ ունենք, բայց հենց ամենաանհարմար պահին ինչ-որ մի բան հանգցնում է ճրագը և
մենք կիսով չափ կուրանում ենք, հաճախ մեր իսկ ձեռքով հանգցնելով երկրորդ ճրագը`մեր
հնարավորությունը գիշերը լուսացնելու: Միշտ եմ ասում, որ ամեն պարագայում մեզ մեկ հնարավորություն
է տրված, ուստի վատնելը`լավագույնը չէ: Ի՞նչ կարող ենք անել, երբ կրակը`կյանք-կրակը
վառվում է հենց մեր ափի մեջ և տաքացնում մեզ մինչ մատների ծայրը, մենք հալչում ենք,
որպես երջանկության մի մոմ: Եվ հանկարծ՝ կարծես թե շատ պինդ կանգնածներս ընկնում ենք`դանդաղ
վառելով այն ոսկե թելերը, որ ապրեցնում էին մեզ, գործում շողացող կյանքը:
Մեր միակ փրկությունը այն երկրորդ
ճրագն է, երկրորդ հնարավորությունը կրկին ոսկե թելեր ունենալու, իսկ դրա համար հարկավոր
է ընկնելիս չփակել ափը և չհանգցնել այն: Որովհետև երջանկությունն է, որ հակադրվելով
վշտին ու դառնությանը, այնուամենայնիվ լցնում է կյանքը: Սիրում եմ լուսավոր ցերեկները,
արժե ևս մեկ անգամ կանգնել հանուն դրանց:
Comments
Post a Comment