Լռության ճիչը
Երբեմն հանգում ենք
այն եզրակացությանը, որ լռությունն իր մեջ շատ բան է պարփակում: Գուցե նաև ամենն ինչ
ուզում կամ հրաժարվում ենք լսելուց: Բայց ի՞նչ եք կարծում արդյոք լռությունը կարող
է համարժեք պատասխան լինել. պատասխան՝ հազարավոր հարցերի, որ ծնվել են հենց իսկ լռության
պատճառով: Գիտե՞ք ինչու է լռությունն անտանելի: Որովհետև դրա արդեն իսկ թվացյալ հարատևությունը
խորհրդանշում է գալիք ճիչը. ճիչ, որ լռությունից անտանելի կարող է լինել, ինչպես նաև
ճիչ` գերադասելի լռությունից: Բայց չգիտենք, թե երբ կավարտվի այդ լռությունը: Եվ հենց
այդ չիմացությունն էլ մի կողմից անխնա ու անգութ կերպով խաչ է քաշում հուսացող եսիդ
վրա:
Մեկ - մեկ թվում է,
թե լռությունը պատժի տեսակ է: Բայց այդ մտքին անմիջապես հակադրվում է «Ինչի՞ համար»-ը: Մտածում ենք, թե ինչու ենք արժանացել այդ պատժին.
այդ ` առաջին հայացքից անմեղ, բայց քիչ-քիչ արդեն միտումնավոր թվացող պատժին: Երևի շատ է եղել մեզնից տրվածը, մեր անթաքույց սիրով նվիրածն ու այդ անդունդի նմանող «ամենը», որ մենք ենք տվել, կարիք ունի նույնքան ստանալու: Հասկանալով՝ որ նույնքան հնարավոր չէ`այդ անդունդը լցնելու փորձերը կանգ են առել լռության մեջ խորտակելու վրա:
Հասկանալ… միշտ գտնել
արդարացնող պատճառ …շատ ցավալի է: Այդ ամենն արվում է նրա համար, որ սփոփանք լինի լռությունը,
որպես իր հարցերին ի պատասխան ստացածներիս: Ամեն դեպքում ամեն բան իր վերջն ունի: Գու՞ցե
այդ խոր անդունդը լցվի շուտով, ստանանք ցավալի ու երանելի պատասխաններ` մեզ այդքան
թանկ պատասխանողների կողմից:
Իսկ քանի դեռ չի լցվել`
մենք չափում ենք մեր համբերության արդեն իսկ անսահմանությունը: Երանի՜ նրան, ով ի վերջո
պատասխան կստանա:
Comments
Post a Comment