Անունդ տամ

      Չգիտես, թե ինչու` ես սիրում եմ մարդկանց իրենց ամբողջական անունով դիմել` առանց կրճատումների, հարմարեցումների, արտաբերական աղավաղումների։ Երևի թե, երբ մարդուն կոչում եմ անունով, դիմում եմ նրան ամբողջությամբ, ցանկանում, որ այնքան պարզ ու բաց լինի պատասխանը, որքան անունն է։ Ես այդպիսով ընկալում եմ մարդկանց ամբողջությամբ` հավատալով, որ նրանք ինձ թույլ են տալիս իրենց ճանաչել. ամեն տառն ու վանկը, ամեն բաղաձայնն ու ձայնավորը։ Ես վստահ եմ, որ եթե անգամ լինի այնպես, որ մի քանիսը չարտաբերեմ, կնեղացնեմ այն բոլոր հատկանիշները, որոնք հենց այդ տառերի տակ են թաքնված։
     Եղել են դեպքեր, երբ ես ամեն դեպքում զոհել եմ տառերից որոշներին...նույնիսկ կեսին ու ինձ այնքան տարօրինակ է թվացել այդ ակնթարթը, այնքա՜ն խորթ, կարծես` ես այդ մարդուն (հասցեատիրոջը) չեմ ճանաչում։



       Գիտեմ` անհեթեթ է թվում, բայց չէ՞ որ ես քեզ (իմ ընթերցող) սիրում եմ  քո ամբողջականության համար։ Նույնիսկ հատկանիշները, որոնք անվան փոխարեն վերագրում ենք դիմացինին, էլի կիսատ են, որովհետև վաղուց արդեն պատկանել են ուրիշներին ու շարունակում են լինել մտացածին։
      Երբ սկսում ես մարդուն սիրել, նրա անունն էլ է դառնում սիրելի։ Սիրում ես նրա անունը ու անգամ եթե այլ մարդիկ ես հանդիպում միևնույն անունով, չես կարողանում ժպիտդ թաքցնել. թվում է, թո քո ճանաչած սիրելի մարդուց ինչ-որ բան կա նաև այդ մարդու մեջ։ Հետագայում, եթե այդպես չի լինում, մեկ է մի հարազատ բան, այս դեպքում` անունը, արտաբերում ենք սիրով։
      Ես, ամեն դեպքում, գիտեմ, թե ինչու եմ մարդկանց ամբողջական անունով դիմում։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում