Անիմացության ուղին

       Ինչքա՜ն անհեթեթ ապրումներ ենք ունեցել ինչ-որ անծանոթ ու անհայտ տեղ գնալիս։ Մենք անհանգստացել ու հուզվել ենք, որովհետև այն ինչ անհայտ է, միևնույն ժամանակ նաև վախեցնող է։ Եվ ինչքա՜ն  է մեզ ուրախացրել ճանապարհին հանդիպած ցանկացած փոքր ու նույնիսկ չնչին հուշումը. մի ինչ-որ շենք կամ անվանում։ Ինչու՞, որովհետև մարդն այդպիսին է, չի կարող իրեն չդատապարտել սպասման ու միևնույն ժամանակ չվախենալ արդյունքից։ Այն ինչ մեզ ծանոթ չէ, չի կարող լուսավոր ու օգտակար լինել, մտածում ենք մենք ու նախընտրում մեզ ծանոթ ճամփան, բայցև ավելի բարդ է, երբ ժամանակն ինքն է մեզ սպասեցնում ու մեզ թողնում առանց ընտրության։ Մենք ընտրում ենք չընտրել, որովհետև գիտենք, որ վաղ թե ուշ մենք գնալու ենք անիմացության ճամփով, առանց ենթադրելու, թե ուր ենք գնում։




      Ես չգիտեմ` իրականում մեզ համար ավելի բարդ ու վախեցնող ճանապարհն է, թե ուղենիշը։ Հավանաբար վերջինը, քանի որ մեր անընդհատ տագնապները վերջնարդյունքի հետ են կապված։ Մենք վախենում ենք, որովհետև կյանքը բազմաթիվ անգամներ չէ, որ հնարավորություններ է տալիս, երբեք էլ չենք հաշվել, քանի որ սկսում ենք մտածել այդ ամենի մասին միայն այն ժամանակ, երբ մոտենում ենք ճանապարհներից ամենաբարդին. ամեն դեպքում` այդպիսին թվացողին։ Չնայած այդ ամենին, մենք չենք ուզում կենտրոնանալ այն փաստի վրա, որ ճամփա ենք ընկնելու, չենք ուզում մտածել մինչ հանգստի ժամն է, որովհետև այդժամ, երբ չենք մտածում, կարողանում ենք մոռանալ մեր վախերի մասին։ Շատ հաճախ էլ փորձում ենք համոզել, որ անիմացությունը միշտ չէ, որ մեզ անհանգստություն է պատճառում կամ էլ բացասաբար անդրադառնում։ Եղել է չէ՞, որ ինչ-որ տեղ ենք գնացել ու, չնայած մեր պատկերացումներին, վերջնարդյունքը մեզ երջանկացրել է։ Մի՞թե չի կարող ամեն բան լինել ավելի լավ, քան մենք ենք պատկերացնում, - մտածում ենք մենք։
       Ամեն դեպքում, մի բան պարզ է․ ապագան երբեք չենք կարող ապրել, մինչև չգա ժամանակը։ Այդ իսկ պատճառով՝ ինչ էլ մեզ ետ պահելու լինի, չի կարող կանգնեցնել ժամանակը, ուստի պետք է քայլել ապագային ընդառաջ, չէ, որ այն էլ մեզ է ընդառաջ գալիս։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում