Որոշումների մասին․․․


Իրականում, որոշում կայացնելը շատ բարդ է, իսկ ճիշտ որոշումն էլ ավելի։ Ամեն դեպքում, ինչ էլ, որ ընտրելու լինենք, մեզ մեր կասկածները հանգիստ չեն թողնի։ Ինչպե՞ս իմանալ՝ որն է ճիշտը։
Ցավոք, երբեք նախապես չենք կարող իմանալ. ճշմարտությունը  երևում է միայն որոշումից հետո, այդ ամենն իմանալով հանդերձ, մենք ամեն դեպքում փորձում ենք գտնել թվացյալ ճիշտը, բայց դա շատ դժվար է։
Լինում են պահեր, երբ չես ցանկանում որևէ որոշում կայացնել, քանի որ դա նույնքան բարդ է, որքան կյանքն ինքնին։ Կյանքում, մենք անընդհատ որոշումներ ենք կայացնում ու այդ որոշումներն էլ դառնում են մեր կյանքը։
Մենք գուցե չգիտենք, սակայն յուրաքանչյուր քայլ, որ կատարում ենք, որոշում է, մենք պարզապես անգիտակցաբար ենք գործում, քանի որ ունենք որոշակի արժեքներ ու ամրացած աշխարհայացք։
Իսկ ի՞նչ է լինում, երբ հրաժարվում ենք որոշել։ Մի՞թե կյանքն է մեր փոխարեն որոշում կայացնում։ Ո՛չ, երբ մենք երկմտում ենք ու հրաժարվում ենք ինչ-որ բան որոշել, մենք իրականում կայացնում ենք ամենաակնհայտ որոշումը. մենք ամեն ինչ թողնում ենք ինչպես, որ կա։ Որովհետև փոփոխությունը միշտ էլ վախեցնում է։ Մենք հաճախ ոչ թե մեզ սպասվող փոփոխությունից ենք վախենում, այլ թե այն ինչպիսի անդրադարձ կունենա մեզ հետ, այդ դեռևս անփոփոխ իրականությունում ապրող ու մեզ հետ առնչվող մարդկանց վրա։
Ու մեր արժեքներն ու խիղճը մեզ թույլ չեն տալիս շարժվել մեր իրական ցանկությունների հունով։ Մենք որոշում ենք հանուն ներկայի, քանի որ գիտենք, որ ապագան անընթեռնելի է, իսկ այսօրը մենք լավ ենք սերտել ու անգամ ոչ թե փոխադրության ենք պատրաստ, այլ կարող ենք անթերի ինքնաթելադրություն գրել ներկայի մասին։

Մենք նաև լավ գիտենք, որ հաճախ փոփոխություններն են ճշմարիտը, սակայն երբեք չենք կանխատեսի դրանք, ուստի այսօրվա համար գուցե սխալվենք չընտրելով այդ, բայց ամեն դեպքում մենք կորոշենք, իսկ դա ամենակարևորն է։ Իսկ այդ որոշումը, վաղ, թե ուշ մեզ ամենամեծ դասը կտա ու մենք կստանանք մեր ինքնաթելադրության իրական գնահատականը, որը ոչ մի կերպ կապված չի լինի դրա անթերիության հետ։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում