Հեռուների մասին

Բարև։

Մենք հաճախ ենք խոսում կամ մտածում, որ հեռվում լինելը կամ հեռավորությունն ինքնին յուրատեսակ փորձություն է։
Այդ ամենը իր գերակայությունն է ստանում միայն ու միայն իրականության մեջ։
Մենք հասկանում ենք, որ գտնվում ենք  հեռվում. հեռու, որը մեզ համար չէ,  թվում է`  թանգարան եկած այցելու լինես, ով կարող է հերթով զննել տարածքում առկա իրերն ու երևույթները, ով ինքը կարող է ընտրել, թե ինչքան ժամանակ է իրեն անհրաժեշտ յուրաքանչյուրի համար։ Բաներ կան, որոնք նրան կարող են ժամեր պահել միևնույն կետում, որոշների կողքով էլ կարող է աննկատ անցնել։
Իրականում հեռավորությունը մարդուն օժտում է հյուրի կարգավիճակով, և ինչքան էլ մեզ մեր տանը զգանք, անընհատ այցի եկող հյուրերը մեզ հանգիստ չեն տա։ Այցելուները գալիս են տագնապների, անհանգստությունների ու շատ նմանատիպ զգացողությունների տեսքով։



Չնայած այդ ամենին, մենք ապրում ենք միևնույն ժամանակը, որն ընդհանուր է աշխարհի համար, սակայն այս անգամ տարածությունն է, որ սայթաքում է շավիղից։ Բայց ժամանակն էլ օգնում է հավասարակշռության գալ ու սովորել տարածության անկանոնությանը։
Հեռուները մեզ հնարավորություն են տալիս հեռանալ ու մոտենալ մեր եսին, մենք նաև մեզ ենք բացահայտում, որովհետև նախկինում գուցե ծանոթ չենք եղել դրա որոշ դրսևորումների։
Լինում են պահեր, երբ սկսում ես մտածել ու գնահատել ունեցած առանձնահատուկ ու տարբեր հատկանիշները, իսկ շատ հաճախ էլ հասկանում, որ կարող ես տեսնել անիրականն ու անտեսանելին։
Հաճախ մարդիկ դրսևորում են իրենց այն կողմերը, որ երբևէ չեն էլ իմացել գոյության մասին, կամ էլ կարող են դրսևորել, որովհետև հյուր են, իսկ հյուրը սովորություն ունի ժամանակի ընթացքում ոչ միայն զգալ իր տանը, այլև տանտիրոջ դերը ստանձնել։
Բայց լավագույնը այս  ամենում այն է, որ մենք օժտված ենք անհավանական հնարավորությամբ, որն այլ պարագայում անհնար կլիներ. մենք առավել ենք գնահատում մեր կենսական տարածությունը, որն ի տարբերություն ֆիզիկականի մեզնից հեռու է. հարյուր հազարավոր կիլոմետրերը պարզապես թվեր են ու երբեք համատեղելի չեն լինի մեր սրտի ու հոգու զգացողությունների հետ։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում