Ժպտացող Աստղեր



Ի՜նչ ուրախ եմ, որ դու որոշել ես կարդալ իմ պատմությունը։ Ես քեզ դեռ չեմ տեսնում, բայց համոզված եմ, որ, հետզհետե, պատկերացնելու եմ՝ ինչ տեսք ունես։ Իսկ ես շատ սովորական աստղ եմ, չգիտեմ, թե ձեր տնից ինչպիսի տեսք ունեմ, բայց այստեղ՝ վերևում, ամեն ինչ շատ պարզ է, թեև շատերին թվում է, որ այդպես չէ։ Ես ամեն երեկո կատարում եմ այս կյանքում ու այս տիեզերքում ինձ բաժին հասած դերս, չէ՞ որ ամենքս մեր անելիքն ունենք աշխարհում, ու դու էլ՝ քոնն ունես։ Իսկ իմ անելիքը, ի՛մ սիրելի բարեկամ, մութ ու խավար երկինքը լուսավորելն է ու ես հույս ունեմ, որ իմ յուրաքանչյուր լուսարձակումը մի երջանիկ օրվա ավարտ է նախանշելու։
Կար մի ժամանակ, որ ես էլ քեզ պես մեկն էի, սովորականի պես արթնանում էի արևի գալստյան հետ ու աչուկներս փակում՝ հետևելով ամենապայծառ երկնքի շողացող լույսերին։
Այսօրվա պես հիշում եմ, որ մի օր մայրիկիս խնդրեցի պատմել երկնքի մասին, ու գիտե՞ս՝ ինչ ասաց, որ այնտեղ՝ վերևում ամեն ինչ շատ ավելի մեծ է ու գեղեցիկ ու երկինքն էլ երկրի մի մասն է ու ամեն բան վեր է բարձրանում, անգամ, եթե մենք ժպտում ենք, մեր ժպիտը բարձրանում է վեր ու շողում է արևի միջոցով, բայց թե լալիս ենք, երկինքն էլ մեզ պես լաց լինել է ուզում։
Շատ խորհեցի այդ ամենի մասին ու մի օր էլ մտածեցի, որ եթե երկնքում այդքան շատ են աստղերը, ուրեմն երեկոներին մարդիկ ավելի երջանիկ են եղել ու շատ են ժպտացել։
Որպես շատ հետաքրքրասեր մարդ, ինձ անընդհատ բաժին էր հասնում հետաքրքրությունս զսպելու առիթներ, բայց դե ես քիչ էի կարողանում համբերել ու մի օր հարցրի
- Աստղերը, եթե այդքան շատ են, ուրեմն մարդիկ մութ ժամանակ ավելի երջանիկ են, չէ՞, մա՛մ,- ու նայեցի մայրիկիս այնպիսի կլորիկ ու խնդրանքով լի աչքերով, որ ասի ամբողջ ճշմարտությունը իմ մտքերի մասին։ Նա իրականում ամեն բան ասաց, բայց պարզվեց, որ ես հետո լսեցի։
- Վա՜յ, դու ի՛մ խելացի, գուցե նաև այդպես է, բայց աստղերը շատ են, որովհետև յուրաքանչյուրս մեր ապրած կյանքի ընթացքում երջանկացնում ենք մարդկանց, իսկ այդ անթիվ ու անհամար աստղերը մեր երջանկացրած մարդկանց ժպիտներն են՝ մեզ ուղղված։ Դու էլ, սիրելի՛ս, պիտի փորձես երջանիկ լինել ու դարձնել մարդկանց երջանիկ։ Բայց հիշիր՛, որ միայն դու կարող ես գտնել այդ ամենն անելու ձևը։
Ես լսեցի ու քիչ բան հասկացա մայրիկիս ասածներից, բայց դե մենք ոչ մի բան էլ միանգամից չենք իմանում, չէ՞․․․մտածեցի, որ կգա օրը ու կհասկանամ։
Ես չէի դադարում մտածել աստղերի մասին ու մի օր էլ, երբ նրանցից ոչ մեկը չերևաց, ես որոշեցի, որ գուցե մենք բավականաչափ չենք երջանկացրել, որ եթե ամեն օր մեկին երջանկացնեմ՝ նրանք չեն կորչի։
Հաջորդ օրը արթնացա սովորականից վաղ ու որոշեցի փնտրել երկնային ժպիտների նոր տերերին։ Դրսում ընկերոջս նկատեցի, որ ինձնից փոքր էր ամիսներով, նույն տարիքն ունենինք, բայց իմ ծնունդը հուլիսին էր, իսկ նրանը՝ դեկտեմբերին ու ամեն ծնունդից հետո, առիթը չէի կորցնում ասել, որ ինքը փոքր է ու դժվար հասկանա այս կամ այն հարցը, բայց դե ես էլ գիտեի, որ այդպես չէրնա իմ բոլոր օրերի ընկերն էր ու ամեն հարցով էլ ինքն էր իմ օգնականը։ Տեսա, որ մի դույլ է ձեռքը, որ իր ամբողջ ուժով փորձում էր ինչ-որ տեղ տանել, անմիջապես գոռացի
-        Ա՜յ տղա՛, ու՞ր։
-        Հավերի համար եմ տանում։
-        Դե սպասի՛ր մի րոպե։
Հասա թե չէ, ձեռքից վերցրի ու ասացի
-        Արի՛, ճանապարհի կեսը ես կտանեմ, կեսը՝ դու։
-        Լավ, որ ուզում ես, - պատասխանեց նա ժպտալով ու աչքերն էլ պսպղացին գիշերային աստղերի պես։
Գյուղի ամենավերևի տանն էին ապրում, իսկ հավերն էլ իրենց տնից մի քիչ վերև էին իրենց հանգրվանը գտել։ Միահամուռ ուժերով հասցրինք ու հավերն էլ շատ ուրախացան, երևի ես ընկերոջս չէ միայն, որ երջանկացրի․․․մենք միասին երջանկացրինք հավերին, գուցե նրանք էլ մի օր նույն զգացողությունը մեզ կպարգևեն։
Ընկերոջս պատմեցի, որ ամեն գիշեր հետևում եմ աստղերին ու առաջարկեցի, որ մի օր բարձրանանք մեր մոտի ու մեզ հասանելի ամենաբարձր բլրակը ու գիշերով հետևենք նրանց կյանքին։ Դե՜, ընկերս ինձ, իհարկե, մենակ չէր թողնի ու համաձայնեց։
Ես չպատմեցի մայրիկիս խոսքերի ու դրանց շուրջ իմ ամենօրյա մտորումների մասին, բայց համոզված եմ, որ նույնիսկ առանց իմանալու էլ աստղերի գաղտնիքի մասին, ընկերոջ պես բարի ու լուսավոր մարդիկ ժպիտներ են ուղարկում երկնակամար։
Հետդարձի ճամփին մենք զմայլվում էինք երիցուկներով, որ կարծես մեր ճանապարհը ուղենշած լինեին ու կեսն էլ չէինք անցել, երբ մտածեցի, որ դրանց գլխիկները իսկական արևներն են ու երևի թե դրանք էլ ցերեկներն են զարդարում։ Ամենքս մի փունջ հավաքեցինք ու երկուսս էլ ջանում էինք քաղել ամենագեղեցիկներն ու ամենամեծ գլխիկներովը։
Հասնում էինք իրենց տան մոտ, մեկ էլ նկատեցինք, որ երկու փոքրիկ աղջնակ լաց են լինում, մոտենալով պարզեցինք, որ փոքրիկների խաղալիքը ցեխի մեջ է ընկել ու կեղտոտվել։ Ընկերս փորձեց հանգստացնել նրանց, իսկ ես անմիջապես վերցրի խաղալիքն ու հասցրի մոտակա աղբյուրի մոտ (դրանք այն ժամանակ ավելի շատ էին)։ Լվացի ու վազեցի նրանց տալու ու գիտե՞ս ինչպիսինն էր մի վառ ու պայծառ աստղ էր, որ երփներանգ գույներ էր տալիսլույս տվող աստղ՝ օրը ցերեկով, մի՞թե հիանալի չէ, մտածեցի ես։ ճիշտ է՝ երկնքում աստղերը կարծես մի գույն են արձակում, բայց երկրի վրայինը այդպիսինը չէր։ Մի խոսքով, վերադարձրինք խաղալիքը ու նրանց նվիրեցինք մեր հավաքած արևները՝ երիցուկները։ Համաձայն ե՞ս, որ նրանց վերադարձրինք թե՛ ցերեկվա, թե՛ գիշերվա ժպիտներ։ Հուսով եմ, որ կասես՝ այո՛։
            Շարունակեցի իմ ճանապարհը։ Ընկերոջս թողնելով իրենց տանը՝ ես էլ մեր տուն գնացի ու մայրիկս սկսեց արագ-արագ իր պատրաստածը սեղանին դնել։ Նայեցի ժամին ու զգացի, որ արդեն մեր մշտական հացի ժամն է, նույնիսկ մի կես ժամ էլ անցել է ու հասկացա, որ ինձ են սպասել։ Որոշեցի, որ մյուս անգամ ինչ էլ լինի, չպիտի մոռանամ ժամանակի մասին։
-        Վա՜խ, մա՛մ, էլի իմ սիրած տապակած կարտոֆիլը, ու՜խ, - ասացի ես ու անմիջապես տեղավորվեցի սեղանի շուրջ։
-        Հա՛, բա ոնց, գիտեի, որ այսօր էլ է սիրտդ ուզում, հոգի՛ս, - ասաց մայրիկս իր ամենօրյա մեղմ ձայնով ու նույնքան մեղմորեն էլ նայեց դեմքիս, բայց բան չասաց ուշանալուս համար։
Հացից հետո, եղբորս հետ իջանք գետի մոտ, որ հոսում էր բնակավայրի կողքով, ասես մեզ բաժաներ մնացած վայրերից ու ես էլ միշտ համոզված էի, որ յուրահատուկ վայրում եմ ապրում։ Ճիշտ է հիմա էլ երեխա եմ, մեծ չեմ ու ինձ թվում է՝ միշտ եմ մնալու, բայց երբ ավելի փոքր էի, մտածում էի, որ մեր գյուղից այն կողմ ոչ մի տեղ չկա ու սարերի ետևում էլ կյանք չկա, բայց հետզհետե հասկացա, որ իրական է ոչ միայն այն, ինչ՝ տեսնում ենք, այլ նաև այն՝ ինչ մեր տեսածը թաքցնում է։
Հեռվում կարելի է գտնել ամենից՝ ինչ կա, բայց արդյո՞ք կարելի է նայել այդ ամենին նույն կերպ։
Հասանք գետի մոտ, ու երևում է, որ միայն մենք չէ, որ ուզում էինք վայելել այդ հրաշագեղ տեսարանը կամ հետևել վազող ջրերին կամ էլ ջրերում իրենց կյանքն ապրող ձկներին։ Մեր հարևան պապիկը, որ կյանք չուներ առանց ձկնորսության կամ գուցե առանց գետի ալիքների խշշացող, բայց խաղաղ հոսքի, նույնպես այնտեղ էր։ Կարթը գցել էր ու իր ծով համբերությունը գիրկն առել ու սպասում։ Եղբայրս հարցրեց
-        Պապիկ, բա ինչքա՞ն ժամանակ է՝ այստեղ ես։
-        Մի երկու ժամ կլինի էլի, տղա՛ս, - ասաց պապիկը շատ ցածր ու հոգնած ձայնով։
-        Բայց ոչ մի ձուկ չես բռնել է, ո՞նց կլինի։
-        Դե՜, ի՞նչ անեմ, բալե՛ս, արդեն մեծ եմ է՜, խելք չի մնացել, մոռացել եմ հետս խայծ վերցնել ձկների համար, դե իսկ ձկներն էլ հո պապիկի պես չեն, դեռ խելացի են ու առույգ, չեն գա մոտ։
Ես ու եղբայրս նայեցինք իրար միևնույն հայացքով, որ նշանակում էրբայց ինչու՞ է սպասում, ինչու չի գնում բերելու․․․ու մի պահ լռեցինք, սկսեցի ուշադիր նայել պապիկի կլորացած մեջքին, տանջված ձեռքերին ու հասկացա մի բան, որ պիտի վաղուց հասկանայինք եթե պապիկը կարողանար այդքան ճանապարհը ետ դառնալ՝ հաստատ արդեն գնացած կլիներ, ու նրան ավելի շատ տխրեցրել էր, այն փաստը՝ որ առաջին անգամ մոռացել է։
Ու մտքերիս ընթացքը հենց ինքն էլ ընդհատեց։
-        Է՜հ, բալե՛քս, գիտե՞ք մտածում եմ երևի էլ չգամ, եթե արդեն հասել է պահը, որ մոռացել եմ, ուրեմն էլ պետք չէ, ասաց ու գլուխը մի կողմ թեքեց։
Ես էլ, եղբայրս էլ շատ տխրեցինք ու առանց ասելու վազեցինք, վազեցինք տուն խայծը բերելու, վերցրինք ու արագ հասցրինք պապիկի մոտ։ Երևի պապիկի տխրությունը փարատելու մեր ցանկությունն էր պատճառը, որ չզգացինք՝ ոնց տեղ հասանք, թվում էր՝ թռչում էինք։
            Պապիկը մեզ, որ տեսավ աչքերը լցվեցին ու գրկեց երկուսիս էլ, ու նրա այդ կոշտացած ձեռքերը այնպիսի ջերմություն տվեցին մեզ, որ մենք երջանկացանք, ու ես հասկացա, որ երջանկությունը մեկինը չէ, եթե մենք երջանկացնում ենք՝ դառնում ենք երջանիկ, նույնիսկ ավելի, քան՝ իրենք։
Մոռանալով, որ եկել էինք գետ քարեր նետելու ու դրանց ընթացքին հետևելու, սպասեցինք մինչ մի քանի ձուկ բռնվեցին ու օգնեցինք տուն հասցնել։
Ճանապարհին պապիկը մեզ ասաց, թե ինչու է սիրում ձկնորսությունը։ Ասում էր, որ հաճույք է ստանում ոչ միայն դրանց տարօրինակ լողին հետևելուց, այլ՝ նաև իր աչքերով զննում է անգիր արած շրջակայքը, քարերն ու նույնիսկ դրանց վրայի տարիների մամուռը, իսկ ջրի մեջ աչքի առաջ են գալիս իր երիտասարդ ու անհոգ տարիները, երբ տղաներով գալիս էին ու քարեր նետում գետի մեջ, հետո իրենց մարմինները ընկղմում հարազատ ջրի մեջ ու միմյանց հագուստները պահում -թաքցնում, բայց հետո վերադարձնում ու լիաթոք ծիծաղում արածների վրա։
Ա՜խր մենք էլ էինք այդպես վարվում, ժամանակը անցնում է, բայց կան բաներ, որ երբեք փոփոխության չեն ենթարկվելու։
Ժամանա՞կը․․․հիշեցի ժամանակի մասին ու բախտներս բերեց, որ արդեն հասանք, պապիկին տվեցինք իր ձկները, իսկ ինքը հանեց տոպրակի միջից ամենամեծ ձկները, ամենքիս մեկը տվեց ու ժպտաց․․․ես հասկացա, որ այսօր երկնքում կարողացել ենք ևս մեկ փայլող աստղային ժպիտ տեսնել ու մեր հարևանի բակով էլ մեր բակ անցանք։
Արևը կարծես խփել էր գլխներիս ու հոգնել էինք, պառկեցինք ու հանգստացանք, նույնիսկ քնեցինք, առաջին անգամ էր, որ ցերեկը քնում էի, նման սովորություն չունեի մերոնք ասում էին, որ նույնիսկ շատ փոքր ժամանակ ցերեկները մի կերպ էին ինձ քնեցնում։ Աչքերս բացեցի թե չէ, տեսա, որ քույրիկս կանգնած էր գլխավերևումս։
-Արի՛ հաց ուտենք, մաման կանչում է։
- Եկա՜, - քնաթաթախ աչքերով ասացի ես, բայց դե հենց տեսա ուտելիքները միանգամից առույգացա։ Այնպես չի, որ շատ եմ ուտում, երևի թե քիչ եմ ուտում, որովհետև միշտ մերոնք դժգոհում են ու ասում, որ թե ծիտը ինձնից ավելի շատ կուտեր։ Ես, իհարկե, համաձայն չեմ, բայց որ ասում են, մի բան կա էլի։
Ուտելուց հետո, սկսեցի պատրաստվել գիշերվան։ Հավաքեցի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ծածկոց, տաք վերարկու, մի շիշ ջուր, գցեցի բոլորը ուսիս ու հենց ուզում էի դուրս գալ, հայրիկս մի բան բերեց, չգիտեմ ինչ էր, բայց երկար էր ու տուփի մեջ, ասաց, որ պետք է գալու ու դրեց ուսապարկիս մեջ, չէր հասցրել տեղավորել ու մայրս եկավ ու անուշեղեն ու խնձոր դրեց։ Ճիշտ է՝ պայուսակս ծանրացավ, բայց երջանիկ ես դուրս թռա տնից։
            Ընկերոջս էլ կանչեցի ու բարձրացանք բլուր։ Շատ բարձր չէր ու երկուսիս տներին էլ մոտ էր, դրա համար էլ թողեցին, որ իրականացնենք մեր մտահղացումը։
Հասանք թե չէ, փռեցինք ծածկոցն ու նստեցինք։ Դեռ մութը չէր ընկել, բայց դա հօգուտ մեզ էր, հանգստացանք, մի քիչ անուշեղեն կերանք, նաև կոնֆետ, որ ընկերս էր բերել։ Ու երբ ուզում էի ետ դնել ուտելիքը, տեսա, որ չեմ հանել հայրիկիս տվածը։
-        Սա ի՞նչ է, - հարցրեց ընկերս։
-        Չգիտեմ, պապան տվեց։
-        Երկուսս էլ հետաքրքրությամբ լիքը աչքերով նայեցինք իրար ու անմիջապես բացեցինք տուփը։
Գիտե՞ս՝ ինչ էր աստղադիտակ, ու մինչ մենք աապշահար նայում էինք՝ մութը վրա հասավ։ Բացեցինք ու հարմար տեղավորվեցինք, իսկ երկինքը մեզ իրապես ժպտում էր, որովհետև ես այդքան աստղեր դեռևս չէի տեսել, իսկ աստղադիտակի շնորհիվ ես դրանց ավելի մոտ եղա, ու աստղերի հետ աչքերիս առաջ հայտնվեց նաև ընկերոջս ժպիտը, փոքրիկ աղջնակների, պապիկի, իմ ու եղբորս ժպիտները։ Ես զգացի, որ իրապես երջանիկ եմ։ Երջանկացնելն էլ երջանկության ամենահաճելի դրսևորումն է։
Մենք հետևում էինք աստղերին ու նկատում, թե ինչպես են նրանք զարդարում երկնակամարը։ Զգում էի, որ սիրտս ավելի ուժեղ է բաբախում ու մենք այնքան էինք տարվել այդ ամենով, որ  նույնիսկ մնացած ուտելիքը չկերանք ու ջուր էլ  երևի ամենքս մի կում էինք խմել այդ մեկ ժամվա ընթացքում, չնայած ժամանակը դուրս էր մեր տեսադաշտից։
Ճիշտ է՝ արդեն շատ մութ էր, բայց այդ երջանիկ աստղերը լուսավորում էին մեր ճանապարհը, և մենք բարեհաջող տուն հասանք։ Ափսոս՝ հայրիկս արդեն քնած էր, շատ էի ուզում իմանալ՝ որտեղից աստղադիտակը։
Պառկեցի քնելու, բայց օրվա տպավորություններն այնքան ուժգին էին, որ քունս չէր տանում։ Աչքերս էլ, երբ փակում էի աստղեր էի տեսնում։ Երանի՜՝ կարողանամ կյանքում այնքան մարդկանց երջանկացնել, ինչքան աստղեր կան։
Առավոտ շատ վաղ արթնացա, որ հայրիկիս տեսնեմ ու ինձ տանջող հարցը տամ, բայց մայրս ասաց, որ դաշտում է դեռ տուն չի եկել։ Նրան սպասելու ընթացքում բացեցի ուսապարկս ու կրկին սկսեցի զննել աստտղադիտակը, երևում է, որ նոր չէր, բայց չէր կորցրել իր ուժը։ Աստղադիտակի ներքևի մասում գրված էր՝ «Ն»։ Հայրիկիս անունը Ն-ով էր սկսվում, դրա համար մտածեցի, որ իրենն է։
Դեռ մտքերով էի ու տեսա, որ հայրս եկավ, վազեցի մոտը գրկեցի ու հարցրի, թե որտեղից է։
-        Ես եմ գնել, բալե՛ս, ասաց հայրս։
-        Որտեղի՞ց։
-        Քաղաքից եմ գնել։
-        Իսկ «Ն» տառը քո անվան համար է, հա՞։
-        «Ն» տառը միայն իմը հո չէ աստղադիտակը քեզ համար եմ գնել, ճիշտ է, երբ գնեցի դու դեռ չէիր էլ ծնվել, բայց մտածեցի, որ գուցե հետո ես հնարավորություն չունենամ տալու այն, ինչ՝ կցանկանամ։ Քո անունն էլ Ն-ով է սկսվում ու անունդ դեռ շուտ էինք որոշել, դրա համար էլ խնդրեցի, որ փորագրեն։
Բառ անգամ չասացի ու գրկեցի հորս այնքան ուժգին, որքան երբեք էլ չեմ արել։ Հայրս ինձ իրոք երջանկացրեց։
Մայրս կանչեց հացի ու տեսա, որ պապիկի տված ձկներն էլ է պատրաստել, ի՜նչ համեղ էր, թեև այդքան էլ ձուկ չէի սիրում։
Հացից հետո ընկերս իրենց տուն կանչեց։ Գնացի ու տեսա, որ իր մայրիկը խմորեղեն է պատրաստել ու ինձ ու ընկերոջս համար դրել է, որ ուտենք։
-        Նստե՛ք-նստե՛ք, հատուկ ձեր երկուսի համար եմ պատրաստել, հա, ի դեպ, այն հավերի ձվերով, որոնց համար դուք երկուսդ կեր էիք տարել։
-        Վա՜յ, ինչ լավ է, - ասացի ես ու համոզվեցի, որ ոչ մի բան այս կյանքում անպատասխան չի մնում։
Այնքան համեղ էր ու քաղցր։ Շնորհակալություն հայտնեցի ընկերոջս մայրիկին, ժպտացի ու նորից տուն էի գնում, երբ տեսա փոքրիկ աղջիկներին այս անգամ չէին լացում։ Աղջնակները նայում էին ինձ ու ժպտում, հետո վազվզում այս ու այն կողմ։
Դրսում մնալուց հետո, տուն եկա ու պատրաստվեցի աստղերին նայելուն։ Եղանակը այնքան էլ բարեհաջող չէր թվում ու սկսեցի վախենալ, որ այսօր աստղերն այնքան էլ պարզ չեն լինելու։
Մութն ընկավ, ես սիրով տեղավորել էի աստղադիտակն իմ սենյակի պատուհանի գոգին ու սպասում էի։ Սպասեցի-սպասեցի, բայց կարծես թե ժամանակը, որին ես միշտ մոռանում էի չէր սպասում, ժամն արդեն ուշ էր, բայց աստղերն այդպես էլ չէին երևում։ Նրանք այդպես էլ չերևացին, ես ոչ մի ժպիտ այս գիշեր չտեսա։
Տխրությունը վերմակիս փոխարեն վրաս գցեցի ու քնեցի, թեև քնելն այդ քնել չէր էլ իրականում։ Ու, նույնիսկ, երբ աչքերս փակեցի՝ աստղեր չերևացին։  Գիտե՞ս, չնկատեցի էլ՝ ոնց եմ քնել։ Լույսը բացվեց սովորականի նման, ամեն բան նույնն էր, միայն ես էի տխուր և ուրիշ։ Հացից հետո մայրիկս կանչեց ու հարցրեց։
-        Հե՜յ, ինչ է եղել, ինչո՞ւ ես փոքրիկ քիթիկդ կախել, հը՞։
-        Ա՜խր մա՛մ, դու ասում էիր չէ՞, որ աստղերը մեզ ուղղված ժպիտներ են ու շողում են, որովհետև երջանկացրել ենք մարդկանց, բայց երեկ․․․մա՛մ,երեկ ես ոչ մի աստղ չտեսա ու շատ տխուր եմ, ի՞նչ է, ես ոչ մեկին չեմ երջանկացնում։
-        Վա՜յ, չէ՛-չէ՛, սիրելի՛ս, աստղերը ուղղակի թաքնվել էին, որովհետև գուցե օրվա ընթացքում բավականաչափ ուղիներ չես գտել մարդկանց երջանկացնելու։ Դու երեկ ի՞նչ ես արել։
-        Ի՞նչ եմ արել, - կրկնեցի ես։
Գնացի սենյակս ու մտածեցի, շա՜տ մտածեցի անցած օրվա մասին ու հասկացա, որ նախորդ օրվա ընթացքում ես միայն վայելել եմ անցած օրվա իմ անելիքների պտուղները, բայց ինքս նոր բանի, նոր ժպիտի ծնունդ չեմ տվել ու ամբողջ օրվա ընթացքում ես մտածեցի, շա՜տ երկար մտածեցի, այնքա՜ն, որ նույնիսկ չզգացի՝ ոնց եմ քնել ու բաց թողել երկինքը տեսնելու հնարավորությունը։
Առավոտը բացվեց ու ես էլ արթնացա՝ սիրտս տարօրինակ զգացումով լի։ Տանը ոչ ոք չկար, վազեցի մեր մեծ ու հոգսերից ճոճվող տան դռնից դուրս։ Այս ու այն կողմ նայեցի ու հեռվում նկատեցի մի սպիտակ կետ, որ շողում էր արևի կամ էլ աստղի պես։ Վե՛րջ, ահա՛ իմ ասօրվա աստղը, - մտածեցի ես ու քայլեցի ավելի ու ավելի մոտմայրիկս էր, տեսնեմ կարտոֆիլն է ջրում։
-        Մա՛մ - մա՛մ, ի՞նչ ես անում։
-        Կարտոֆիլը ծարավ էր, անու՛շս, հաց ու ջուր եմ տալիս, որ հետո էլ իրենք մեզ տան։
Բան չասացի, սկսեցի նայել արևի շողերից պսպղացող ջրին ու մտածեցի, որ մայրս փաստորեն երջանկացնում է մեզ, դրա համար էլ ջուրն էլ է փայլում։ Վազեցի տուն ու մի գավաթ ջուր լցրի ու կամաց-կամաց, իմ փոքրիկ-փոքրիկ քայլերով տարա մայրիկիս մոտ։
-        Այդ ի՞նչ իմացար, որ ծարավ եմ, - հարցրեց մայրս իր գեղեցիկ ժպիտը դեմքին։
-        Մա՛մայիս նման եմ էլի, - ասացի ես, - զգում եմ, թե ինչ է պետք։
Ժպտացի ու նորից նայեցի ջրին ջուրը փայլելուց բացի նաև արտացոլում էր պարզ երկինքը ու երկինքի խաղաղ կապույտի հետ իմ սիրտն էլ, որ տարօրինակ զգացում ուներ, վերափոխվեց խաղաղության ու  ես գիտակցեցի, որ սովորել եմ, ու եթե ոչ գտել, ապա՝ մոտենում եմ մարդկանց երջանկացնելու ձևը գտնելուն։ Եթե օրվա մեջ մենք կարողանանք ջերմություն տալ գոնե մեկին, աստղերը միշտ էլ կշողան մեզ համար, գուցե երկնքում չտեսնենք նրանց, բայց այդ աստղերն ա՜խր ժպիտներ են, ու մենք նրանց կտեսնենք մարդկանց դեմքերի վրա։
Աստղերին այս ճշմարտությունը վաղուց է հայտնի, դրա համար էլ նրանք միշտ միասին են երևում, իրար են լուսավորում, չէ՞ որ մենք չենք կարող լինել երջանիկ միայնակ ու թե ժպտացող մարդը հանդիպի մեկ այլ ժպտացողի՝ լույս կլինի ավելի ուժգին առկայծող լույս։
Մտքերս նաև ասացին ինձ, որ եթե ուշադիր եղած լինեի, կհիշեի, որ իմ ընտանիքը երբեք չի մոռացել այս ճշմարտության մասին և ոչ մի օր էլ չի մոռացել իմ ժպիտի մասին, ինձ ժպիտ պարգևելու։ Դրա համար էլ ես ամեն օր կփորձեմ երջանկացնել գոնե ինչ-որ մեկին ու մեր հոգսերից ճոճված տունն էլ հարևան պապիկի ձեռքերի պես ավելի կջերմանա։
Իմ պատմությունը նման է շատ այլ պատմությունների, չէ՞ որ բոլորն էլ այս կյանքում իրենց դերն են փնտրում։ Անկախ այն փաստից՝ որն է լինելու մեր դերը ու ինչ ենք գտնելու մեր կյանքում, մեր արածները, մեր ամեն քայլը՝ մեծ, թե փոքր, իր արդյունքն է տալու։
Անցել են տարիներ, ու ես նորից ամեն օր հիշում եմ մայրիկիս ասածները ու փորձում գտնել երջանկության հնարավոր տաբերակները։ Քանի որ ես փորձում եմ ամեն օր ու չեմ դադարում, ես երևի թե գտնում եմ դրանք ու պատրաստ եմ դեռ շա՜տ երկար անել այդպես, պատրաստ եմ անվերջ որոնել։ Փաստորեն, ես արդեն լսեցի մայրիկիս ասածները։
Հիշու՞մ ես, որ ասում էի՝ չգիտեմ՝ ինչ տեսք ունես հիմա ես գիտեմ, որովհետև իմ աստղը, որ երկնքնում է, ամեն օր ժպտում է քեզ, որովհետև դու երջանկացրել ես ինձ՝ կարդալով իմ պարզ ու մանկապատանեկան պատմությունը։ Համոզված եմ, որ իմ երկա՜ր երազած օրը իր արժանի ավարտն է ունենալու այսօր։ Ես գիտեմ, որ դու քո կյանքում հանդիպելու ես շատ ու շատ աստղերի ու կարողանալու ես նրանց տեսնել նաև երկնքում շողալիս, որովհետև դու որոնելու ու գտնելու ես բարին։ Քո պարզ աչքերը ճիշտ իմի նման են, ու ես հավատում եմ, որ նույնիս մեր մտքերն են նման։ Ու գիտե՞ս՝ ինչ, ես քեզ հենց այսպես էլ պատկերացնում էի։


                                                             ***
Կարդացի ու փակեցի վերջին էջը, ու մտքերս այնքան հեռուն գնացին, չնկատեցի էլ՝ ինչպես եմ գիշերը լուսացրել, կարդալով այս էջերը, կարդացել եմ շա՜տ դանդաղ, նույնիսկ փորձել եմ պատկերացնել ամեն բան, ես մտովի նայել եմ աստղերին,  աստղադիտակով, որ դեռ չունեմ, բայց անգամ առանց դրա էլ իմ առջև բացվեց մտքերի անեզր աշխարհը։ Ես սկսեցի մտածել, որ մեր կյանքը ինչքանով էլ մերը լինի, նաև ուրիշներինն է, այն մարդկանցը, որոնք՝ տեսել են իմ ժպիտները ու ժպտացել ինձ հետ։
Ես անգամ տեսա մարդկանց, ում դեռ չեմ տեսել ու երևի կհանդիպեմ իմ կյանքի ճանապարհին ու նրանք կդառնան ինձ ժպտացող աստղերը։ Ու ես էլ եմ երջանիկ, որովհետև դու էլ ինձ ժպիտ պարգևեցիր, ի՛մ երկնային ընկեր․․․
Ու մտքերս շատ հեռուն գնացին ու ընդհատվեցին մի անուշ ձայնից
-        Հոգի՜ս, արի նախաճաշելու։
-        Գալիս եմ, մա՛մ։

***
Վերջ, որն իրականում սկիզբ է


Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Կյանքը ցուցափեղկում