Լույսի սպասելիս


Դեռ գիշեր է...մու՜թ գիշեր:
Այս մութ աշխարհի անկյուններից մեկում կա ինչ-որ մեկը, որ իր լույսին է սպասում: Չէ, ինչու՞ ինչ-որ մեկը. բոլորս էլ սպասում ենք մեր լույսին: Գիտե՞ս՝ ինչ էի մտածում. սպասու՞մ ենք, թե՞ փնտրում էլ: Երևի չենք փնտրում: Կամ շատ ենք փնտրել ու ուժասպառ ենք, կամ էլ կարծում ենք, որ ժամանակն է իր հետ բերում լույսը:
Մենք այնքա՜ն տարբեր ենք իրարից ու այնքա՜ն նման միաժամանակ: Ես մտածում էի, թե մենք ինչքանով ենք պատրաստ փոխել մեր կայացած եսի կողմերից գոնե գեթ մեկը հանուն մեկ մեկու: Առաջ ես մտածում էի՝ պատրաստ չլինել նշանակում է չկարևորել, ընդհուպ չսիրել, իսկ հիմա ես չգիտեմ՝ որն է ճիշտը: Գու՞ցե էլ չեմ ցանկանում իմանալ:


Մենք բոլորս էլ մեր լույսին ենք սպասում, լույսի ժամանմանը՝ նախկին անիմացությամբ: Ես սիրում եմ խոսել նրա մասին, շեշտել, թե ինչքա՜ն եմ հավատում գոյությանը, և թե ինչքա՜ն է համոզված սիրտս, որ այն ինձ մոտ է շտապում: Դուք գուցե նույն սպասումն եք կրում Ձեր մեջ, բայց չեք ցանկանում խոսել ու ես մտածում եմ՝ գուցե Ձեզ այն ավելի է պետք, գուցե ամենը ինչի կարիքն ունեք հենց այդ է, որ կա ու դրա գոյությունը թույլ կտա չխուսափել խոսելուց: Ու թե կա նման բան, թույլ տվեք, որ իմ լույսը հանդիպի Ձեր լույսին, թող Ձեր հոգին առավել լուսավոր և հանգիստ լինի: Ես պատրաստ եմ իմ լույսը տալ Ձեզ և եթե բավական չէ, բնավ էլ վկայությունը չէ այն բանի, որ պատրաստ եմ փոխել ինչ-որ բան, տալ ինչ-որ բան, ես խնդրում եմ՝ չասեք. ես կհասկանամ, երբ այդպես լինի, որովհետև իմ լույսը էլ երբեք չի գա, այն չի վերադառնա ինձ մոտ, Դուք չեք բերի այն:
Բայց ես միշտ էլ հավատում եմ ու քանի կամ ու գոյություն ունեմ՝ այդպես է լինելու:
Դեռ գիշեր է...ես սպասում եմ լույսի, որ Ձեզ նվիրեմ, հենց Ձեզ տամ, ու Դուք ինձ գոնե Ձեր ժպիտը նվիրեք: Իմ լույսը ժպիտի փոխարեն: Դե ի՞նչ...արդա՞ր է...

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում