Իրական երազ
Երբ մթնշաղը քիչ-քիչ անէանում ու իր տեղն
է զիջում արևի լուսավոր ներկայությանը, մենք տագնապում ենք՝ մտածելով, որ ինչ-որ բան
կորցնում ենք կամ մթնշաղն իր հետ ինչ-որ բան է խլում մեզնից։ Սա՞ է երազը, թե՞ երազներն
են իրականություն։ Եվ ահա, մենք դրանց մեջտեղում ենք։ Երազն իրականություն է, իրականությունը՝
երազ։ Մեր մի կեսն ապրում է երազում, մյուսն՝ իրականության մեջ, թեև մենք դեռևս չգիտենք
դրանցից, որն է երազը և որն իրականությունը։
Գիտե՞ս՝ ինչ էի մտածում․ կյանքը հեքիաթ է, բայց միայն
վերջում է պարզ դառնում, թե ով է գլխավոր հերոսը։ Ու մենք քայլում ենք, վազում, կանգնում
ու, հուսախաբ եղած, գլխիկոր լալիս՝ վախենալով, որ մենք կորցնելու ենք երազն իրականության
մեջ։ Վաղ, թե ուշ երազը ավարտվելու է, իսկ մենք փակելու ենք աչքներս՝ չհավատալով, որ
սա էր իրականությունը և ոչ այն մեկը: Իսկ այն սառնությունը, որ այտիդ է դրոշմված, մի՛ շտապիր մաքրել,
փակի՛ր աչքերդ և հիշի՛ր, որ եթե մեր երազը չկա, գուցե իրականության ճանապարհին է․․․իսկ քո աչքերը պարզապես քո
սպասումներն են դուրս հանում։ Եվ թե մտորես միայնության մասին, փնտրես ու չգտնես, հիշի՛ր,
որ դու երբեք մենակ չես․ մեկն, անշուշտ, կա։ Կգտնես դու նրան երազում, թե իրականության
մեջ, բայց անպայման գտնելու ես։ Կարևորն այն է, որ մենք դեռ չգիտենք, որն է երազը,
պահպանի՛ր այն, ինչ հիմա է քո իրականությունը, գու՞ցե սա էր երազը։ Ինչ էլ որ լինի,
խոստացի՛ր երբեք չմոռանալ երազներդ, գուցե մի գեղեցիկ օր կարողանաս դրանք իրականություն
դարձնել։ Իսկ հիմա, խոստացի՛ր չմոռանալ թե ինչքան բան ունես․ էլ չասեմ մի ողջ երազի ու իրականության մասին, մի՛
մոռացիր այն ուժի մասին, որ քո մարմնում է և չմոռանա՛ս, որ մեր երազը գուցե ուրիշինն
էլ է, մենք մեկ ուրիշի երազում ենք, իսկ մեկ ուրիշը՝ մեր երազում։
Comments
Post a Comment