Ամենապայծառ աստղն այսօր այդպես էլ չերևաց․․․

Ամենապայծառ աստղն այսօր այդպես էլ չերևաց․․․
Ու թեպետ աչքերս հիմա էլ են փնտրում՝ դեռ չկա։ Իսկ պատուհանից այն կողմ լույսերն անհամար են և բնավ էլ կարիք չունեն առավել պայծառանալու։ Այնտեղ՝ դրսում, ամեն բան համաչափ էր, բայց ես չէի էլ ենթադրում՝ միայն ես եմ նկատել նրա բացակայությունը։ Ու, միանգամայն, պարզ է դառնում, որ ամենքս էլ փնտրում ենք, հիանում, սպասում, հեռանում ու կորցնում։ Մենք փնտրում ենք այն լույսը, որ հուլիսյան ոչ մի արև ի վիճակի չէ մեզ տալու, փնտրում ենք այն աստղը, որ ամենապարզ երկնքում այլևս չկա ու մենք նորից ենք մոռանում, որովհետև համակերպվում ենք համակերպվել։   


Ու ամենապարզ ու աստղազարդ երկինքներին փոխարինելու են գալիս լուրթ ու անամպները, արևն իբրև օրհնություն իրենց սրտում ամփոփած  ցերեկները։ Մենք, հետզհետե, դադարում ենք որոնել այն ամենապայծառ աստղը՝ մտածելով, որ երբեք էլ չի երևալու։ Այնքան անձնազոհ չենք, որ նվիրենք ժամանակը, «վատնենք» սպասելու համար (մինչդեռ սա թվացյալ զգացում է չեմ ուզում հավատալ, թե անվերջ թվացող սպասումը վատնում է)։ Մի գեղեցիկ օր, երբ այն կրկին կհայտնվի, կսպասի մեզ, մենք մեր ներկայությունն այդպես էլ չենք ապահովի, որովհետև, հիրավի, չենք հավատացել, որ մեզ սպասում են։ Ամեն անգամ լիահույս աչքերդ, նույնքան էլ անհույս ու համակերպված հեռացել են հանդիպման վայրից ու մի օր այլևս չեն նայել։

Չե՞ս վախենում, բարեկա՛մս, թե մի օր, երբ արդեն հասկանաս՝ գուցե այն շողում է ու սպասում, երբ նրա մոտ այցի վազես, այն այլևս այնտեղ չլինի, և այս անգամ մենք հավերժ կկորցնենք մեր ամենապայծառ աստղն ունենալու հնարավորությունը։ Իսկ ես քեզ ասել էի չէ՞, որ մենք լույս ենք, մի գտնված աստղ որևէ մեկի համար, մի լույս անծայր մթության մեջ, մի հավերժ անուրջ։ Իսկ դու ի վիճակի ե՞ս սպասել այն լույսին, որ դեռ ծանոթ չէ քեզ, իմ անծանո՛թ ծանոթ։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում