Skip to main content

Կյանքը ցուցափեղկում

    


Illustration by R. Kikuo Johnson

    Չեմ մտաբերում, թե վերջին անգամ, երբ եմ գրիչը ձեռքս վերցրել ինչ-որ բան գրելու համար։ Կարծես` գրիչը կյանք լինի` երկար ժամանակ մի կողմ դրված ու անշարժ, իսկ դու փորձում ես ձեռքդ վերցնել այն, որ գործածես։

    Տարիների հետ, ավելի ու ավելի է մեծանում տպավորությունը, թե անէ հետևող ենք կյանքին։ Թվում է, թե կյանքը ֆիլմ կամ ներկայացում է, որն առջևդ է, իսկ դու նայում ես քո տեսադաշտից։

    Սարսափելի զգացողություն է «հարմարվելը». հարմարվում ենք հետևորդի մշտական կարգավիճակին, փորձում գուշակություններ անել, թե ինչ կլինի հետո։ Վերջինը, պարզապես, որ միտքը մնա արթուն։ Երևի։

    Կյանքն իսկապե՞ս թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ։

    Եթե թատրոնում բաղձալի դերի համար պետք է պայքարել, ապա` կյանքում յուրաքանչյուրն իր բաժին դերն ունի։ Չնայած` ամեն մարդ իր կյանքի գլխավոր դերում է, նրա դերը, անտաղանդ սցենարիստի շնորհիվ, թվում է էպիզոդիկ ու դատապարտվում մոռացության։

    Կուլիսները փակվում են, և խաղը վերջանում է։

    Արդյոք կյանքում կա՞ն կուլիսներ, թե՞` մարդն է մնում միայնակ` կուլիսներից այն կողմ` գրիչը ձեռքին։ Ամենավարկանշային ֆիլմերում սցենարային զարգացումների պակաս չկա, սակայն կյանքում ոմանց սցենարային գիծը լարախաղացի նման մեկ ծայրից մյուսն է գնում` պահելով պարզ հարթությունը։

    Հիշեցի այն  ժամանակները, երբ բակում բադմինթոն խաղացող տարիքակիցները գերբնական հերոսներ էին թվում. հաջողակ, հարուստ ու անհասանելի։ Մեր մանկությունն ու պատանեկությունը չէին կարող անցնել առանց մարդկանց, որոնց հետ կվախենայինք համեմատվել։ Դա մշտապես մեզ հետ, մեր ուսերից կախված պարկում ենք տանում։

    Ասես` գետնանցումի դիմաց սպասող հետիոտն լինեինք, որը հետևում է մեքենաների ընթացքին։ Մեզ միայն հետևելն էր տրված, նաև` երազելը, որը չգիտեինք, թե ինչ է, հետևաբար` մտածում էինք երազելու մասին։

    Մտքերն էլ սցենարիստին այցելում են ընդմիջումներով, երկար դեգերումներով։ Կյանքը շրջապտույտներ է գործում, եղանակներն իրար են հաջորդում, ու նորից գալիս ես նորոգելու տաշտակդ, որ կիսատ էիր թողել։

    Ձմեռ էր, երբ վերջին անգամ այցի եկան։ Այնպես չէ, որ սիրում եմ ձյունը, բայց առաջինը միշտ երջանկացնում է։ Չնայած` հաշիվը կորցրել եմ, թե որերորդ անգամ են  փաթիլներն իջնում ներքև, բայց հենց առաջին ձյունն է թվում հիանալի։ Հարմարվողներս պատուհանից այն կողմ ենք միայն` հետևողի դերում, փաթիլներն էլ` կյանքի օրերի պես, իջնում են ցած ու անէանում ժամանակի մեջ։ Թվում է, որ դուրս գանք, կխորտակվենք դրանց դատարկ ծանրության տակ։

    Գրիչս էլ ձյան պես գեղեցիկ է ու փափուկ և մեկ-մեկ սիրուն է գրում։ Հնարավոր է` տարին մեկ, բայց իր դերն ունենում է, չէ՞։ Էպիզոդի՞կ...

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...