Ավտոբուսի ետևից



Երեկ մտածում էի անվերջ շտապող մարդկանց մասին։ 
Ավտոբուսը սլանում է, իսկ կանգառից մի քանի վայրկյան հեռու գտնվող մարդը, աննկատ մնալու իր հուսահատ հայացքով, ժամանակը բռնելու վերջին ճիգերն է գործադրում, սակայն` իզուր: Իզուր, որովհետև նրան նկատել է վերջում նստած անձայն մեկը՝ ես: Փորձում եմ գոռալ, բայց արագընթաց սլացքի մեջ ձայնս ինձ չի ենթարկվում. անգամ թե ենթարկվեր չէր հասնելու հասցեատիրոջը: Ես այդ պահին մտաբերում եմ այն բազում անգամները, երբ ինքս չեմ հասցրել հասնել ինձ համար կարևորի ետևից. վազել եմ, բայց դրա դիմաց ստացել միայն ուշացած ափսոսանք և որոշ ու անհայտ ժամանակ սպասելու հնարավորություն։ 


Եվ այդ մարդը, ինչպես շատերս, օրը սկսում է այդպես: Իսկ ես օրս սկսում եմ մտորելով. տեսնես՝ այդ ուշացած պահին մենք ինչի՞ համար ենք ափսոսում...ժամանակի՞, թե՞ պարզապես չհասցնելու համար, գուցե մտքի, որ ևս մի անհաջողություն ու հոգս դրեցինք մեր ուսերի վրա։ Ինձ թվում է` այդ պահին մենք բարկանում ենք ինքներս մեզ վրա, նեղանում բախտից, որ հենց մերն է, դժգոհում, որ կախման մեջ ենք անգամ անիծյալ ավտոբուսից, որ երբեք չի հաշվարկում մեր վայրկյանները։
Երեկ ես անընդհատ մտածում էի այս ամենի մասին: Գուցե որովհետև հասցրել էի և կարող էի կանգնել համեմատականի սահմանաբաժանին։ Այսօր ես համոզվում եմ, որ մենք գիտակցում ենք արժեքը միայն այդ վերջին ճիգերի պահին, որոնք արդեն հանձնված են ու պարտված։ Մենք գիտենք, որ չենք հասնելու և այդ պահին զգում ենք, թե որքա՜ն բաղձալի է այդ չհասածը։ Այդ մարդն ու ես այսօր հաշվարկել ենք ժամանակը, ու մեզ ավտոբուսը սպասել է. չէ՛ մենք ենք սպասել նրան, բայց չէ՞ որ սպասել է և նա։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում