Իմ Պահապանին


Ես աշխարհիս վրա ապրող այն հաջողակներից մեկն եմ, ով ունի իր պահապանը երկրի վրա։ Կան մարդիկ, որոնք միշտ ներկա են, անկախ այն փաստից` կողքիդ են, թե՝ ոչ։ Այդ մարդկանցից մեկն ապրում է հեռվում, բայց մի աննկարագրելի ուժով ու զորությամբ պահպանում է ինձ։ Ես նրան Պահապան եմ անվանում։ Ինքը երևի՝ երբեք չի կենտրոնանում, թե ինչու եմ նրան այդպես կոչում, հակառակը` գիտի թե հումոր է, բայց ես երբեք նրան Պահապան չէի կոչի, եթե չիմանայի նրա կարողության մասին։
Պահպանել չի նշանակում միշտ լինել կողքին ու օրինակ օգնել ճիշտ անցնել ճանապարհը, պահապանը օգնում է ճիշտ որոշում կայացնել, ուժ է տալիս դրա համար։ Հավատը, որ նա գոյություն ունի և հավատը, որն ինքն ունի մեր նկատմամբ, մեզ օժտում են գերբնական հատկություններով, որովհետև հնարավոր են դառնում նախկինում անհնար թվացող բաներ։
Ի'մ Պահապան, շնորհակալ եմ, որ ընտրել ես հենց իմ պահապանը դառնալու դժվարին ուղին։ 


Ես չեմ հոգնի հաղթահարել անթիվ դժվարություններ, միայն թե իմանամ, որ այդ ամբողջ ընթացքում դու ինձ պահպանելու ես թե՛ իմ կողքին, թե՛ իմ մեջ։ Որովհետև այն ժամանակ, երբ հեռու ես, իմ ներսում` սիրտ կոչվող վայրում ես։ Նույնիսկ այնտեղից դու կարողանում ես քո սիրով ինձ ջերմացնել ու ապրեցնել։ 
Այս ձմեռային ու ցուրտ դեկտեմբերի 5-ին, ես ուզում եմ, որ իմանաս, թե ինչ մեծ է քո նշանակությունն իմ կյանքում։ Ուզում եմ իմանաս` անգամ երբ ինձ հետ չես` ես, իմ մեջ ապրող քո էության հետ, միշտ անտեսանելի կապի մեջ եմ, ու հուսով եմ, որ նույնքան եթերային զգացողություն կա և քո մեջ։ Ես հավատում ու զգում եմ, որ կա, որովհետև սիրտը չի ստում։
Երբ իրականում իմ մաղթանքի ժամանակն է ու քեզ պիտի ինչ-որ բան ցանկանամ, ներիր ինձ իմ ժլատության համար, որովհետև ես ցանկանալու եմ, որ դու հավերժ իմ պահապանը լինես, որ ես կարողանամ ապրել քո` ինձ տված ուժի ու սիրո շնորհիվ։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում