Անձրևից հետո

Ինչքան էլ չսիրենք անձրևն ու իր հետ բերած սառնությունը, մեկ է` այն օժտված է յուրահատուկ կարողությամբ։
Յուրաքանչյուր աձրևից հետո, երբ մաքրվում է ամեն ինչ, ու  երկինքը նույնպես, կարծես նոր օր է բացվում. մենք անհասկանալի լավատեսությամբ ենք լցվում, մեզ թվում է` կարող ենք նորից ապրել, ապրել չապրածը ու եթե անգամ շատ ուզենանք` կարող ենք վերապրել որոշ պահեր։
Այս ամենն իր գերակայությունն է ստանում աշնանը, երբ թաց կամ խոնավ գետնի վրա իրենց լավագույն ձևով, տեսքով ու մաքրությամբ նշմարվում են տերևները։ Նայելով դրանց ջինջ դեղնակարմրությանը` մենք, կամա թե ակամա, ժպտում ենք՝ կարծես՝ արևն է իր դեղին շողերը գցել մեզ վրա և մեր այտերն են կարմիր։


Բայց արևի շողերն իրականում չկան, դրանք չեն կարող երևալ, որովհետև երկինքը միշտ չէ, որ պարզ է, մենք գուցե չտեսնենք՝ մառախուղի գերիշխանության պատճառով։ Նայելով հեռուն, որն իրականում անհայտ է` մենք ցանկանում ենք տեսնել ու, մեր քայլերն արագացնելով, հասնել դեպի անտեսանելին։ Մենք հավատում ենք, որ մեզ է սպասում այն, ինչը` ցանկանում ենք։ Բայց անձրևն անկանխատեսելի է. ինչքան կգա` մենք չգիտենք, արդյոք կվերափոխվի՞ ձյան, դա էլ է անհայտ, ու մենք էլ շատ թափանցիկ թվացող մառախուղի շղարշի ետևում թաքնվածը չգիտենք, բայց լավատես ենք մենք` հավատում ենք, որ նոր օր ու նոր հնարավորություններ են սպասում մեզ։ Եվ ժպտացող ու շողացող աչքերով ու իրականում` ցրտից կարմիր գույն ստացած այտերով մենք գնում ենք առաջ, մեզ չի վախեցնում ցուրտը, մենք հավատում ենք, որ այնտեղ թաքնված են մեր երազանքները, մեր ապրած ու չափրած պահերը, իսկ սիրով ապրածները` հույս ունենք վերապրել։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում