Առանց ժամանակի ու ժամանակի հետ


Ահա և վերջ․․․ավարտվեց ժամանակը։ Էլ չկա ժամանակ ոչնչի համար։ Չկա ժամանակ, որ գտնենք, որ արարենք, փնտրենք ու այն չկա նույնիսկ, որպեսզի կորցնենք։ Եվ ես զարմանում եմ այն ժամանակի համար, որ տրվել է այս ասելիքի համար։ Կարծես թե արևին շատ մոտ եմ նստած, բայց գիտեմ, որ այն գնալով հեռանում է՝ իր հետ տանելով երկուսիս բարեկամին։ Եթե ժամանակը կարողանա՜ր սպասել․․․հիմա՛, երբ հնարավորություն եմ ստացել տեսնելու անտեսանելին, աչքերս կորցրել են տեսանելին՝ ժամանակը։
Քամին էլ վազում է, գուցե վերջինիս ետևից։ Բայց ինչքա՜ն սառնություն է մտցրել մեր մեջ։ Ես վախենում եմ, թե այդպես էլ կմնա ամեն ինչ․․․թեև այն, ինչ չի երևում, դեռևս ապահով էմեր հոգին դեռ չի ճաշակել ցուրտը։ Ու ես խնդրում եմ, որ հեռացած արևը երբեք չտանի այն արևներին, որոնք մեր մեջ են։


Թվում է, որ արևածագը կորցնելուց հետո, մենք ահա՛ կկորցնենք մայրամուտը։ Հիշում եմ՝ ոչ վաղ անցյալում, ինչպես էի սարսռում, թեև կասկածում եմ, թե այսօրվա քամին որևէ առնչություն ունի։ Ո՛չ, իմ սիրելի՛ ու անդավաճա՛ն ընկեր, ես չեմ հոգնի անվերջ դողալ, թե իմանամ, որ ի զորու ենք կանգնեցնելու ժամանակը։ Ինձ թվում է այն ժամանակ գուցե չկար ժամանակ։ Իսկ հիմա վախենում եմ, թե իմ ձեռքից կխլվի ասելիքը ու քամին այն կտանի ժամանակի ետևից։
Սիրտս լուռ է, բայց ես լսում եմ նրան, գիտեմ, որ խնդրում է՝ պահպանեմ իրեն, ապրեմ իր համար։ Եվ ես գիտեմ, դու գիտես, մենք գիտենք, թե էլ ինչ է ուզում։ Ես չգիտեմ՝ կկարողանամ ազնիվ լինել նրա հետ կամ անել ամենն, ինչ ցանկանում է, բայց կփորձեմ չկորցնել այն, ինչ կա նրա մեջ։

Քանի որ էլ չկա ժամանակ, ես խնդրում եմ, որ իմ հիշողությունները հավերժ պահպանեն իմ տեսած անտեսանելին։

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում