Չկամ

       Կներեք ինձ, որ էլ չկամ...
       Ես էլ չկամ. ոչ Ձեր մտքերում, ոչ էլ սրտերում, ես չկա՛մ: Թվում է՝ չեմ էլ եղել: Կարծես գարնանային առավոտը տխուր դարձնող անձրևն եմ, ամռան կիզիչ արևն եմ, ամպրոպն եմ աշնան ու ձմեռն եմ՝ ցրտաշունչ: Ո՞վ եմ ես: Դեռևս չեկած հեռացող եմ, չտաքացրած մայր մտնող շող եմ, վառված մոմ եմ ու ստվեր եմ՝ անհետ կորած: Ու այդ ամենից հետո էլ, Ձեզ միշտ ներողն եմ, Ձեր մասին խոսողն ու մտածողն եմ, Ձեզ հիշողն եմ ես: Ու հիմա կասե՞ք՝ ո՞վ եմ ես: Որտեղի՞ց եկա ու ու՞ր եմ գնում, ո՞րն է իմ ճամփան: Լուռ խորհում եմ, այնինչ, սիրտս կեղեքվում է դաժան ցավից, որ ծանոթ չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

      Ես էլ չկամ...

        Անծայր հեռուներում ես երազում եմ, գեթ մեկ վայրկյանով, դառնալ համեստ բնակիչը Ձեր մտքերի, սրտերի ու Ձեր աշխարհի, բայց ես հեռու եմ, շա՜տ հեռու: Միշտ կարծել եմ՝ ամեն ինչ ոչինչ է մարդու հոգում պատսպարվածի դեմ։ Ամեն ինչ․ այնինչ տարածությունն է մեր բանտը, իսկ ժամանակը՝ ստվերն է մեր...մենք բանտարկված ենք: Ա՜խ ժամանա՛կ, ինչու՞ ես օրնիբուն հսկում․ ցավոք, փախուստի ուղիները վաղուց փակ են:
      Ներու՞մ եք ինձ, որ չկամ, թե՞...չէ՛. մի՛ ներեք, ես ինձ չեմ ներում, չե՛մ ներում, որ հանգում են լույսերը, որոնք պիտի ավելի ուժեղ վառվեին, լույսե՛ր, որոնք պիտի շա՜տ մոտ լինեին ու լուսավորեին, այնինչ, հեռվից դրանք հազիվ են նշմարվում ու հետզհետե խամրում են՝ կորստի մատնելով մեր հույսերը:
      Ես էլ չկամ ու չգիտեմ՝ երբևէ կլինե՞մ ու եթե կարող ես, փրկի՛ր, թե կարող ես, ների՛ր...

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում